Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն «ամոթալի» է որակել եվրոպացի դիվանագետների վարքագիծը, որոնք հրաժարվել են մասնակցել ՈՒկրաինայի հարցով հատուկ հանդիպմանը, որի ընթացքում նրանք ցանկացած հարց տալու հնարավորություն ունեին՝ հաղորդում է ТАСС-ը։ «Դա խայտառակություն է ցանկացած դիվանագետի համար: Ահա թե ինչու դեռ չենք շփվում նրանց հետ, բայց նրանք նույնպես չեն շփվում մեզ հետ, միայն՝ երբեմն, երբ որևէ որոշակի թեմա է արծարծվում»,- շեշտել է Լավրովը։               
 

Ինչպե՞ս պիտի լուծվի Արցախի հարցը

Ինչպե՞ս պիտի լուծվի Արցախի հարցը
27.01.2017 | 01:54

Արամ ՍԱՐԳՍՅԱՆ

«Հանրապետություն» կուսակցության նախագահ

2017-ի ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրություններից առաջ յուրաքանչյուր քաղաքական ուժ ու յուրաքանչյուր ընտրող պարտավոր է իր համար հստակ պատասխաններն ունենալ Հայաստանի Հանրապետության ներկա ու ապագա քաղաքականության կենսական կարևորություն ունեցող երեք հարցերի.


1. Ինչպե՞ս վերականգնել Հայաստանի ինքնիշխանությունը և ապահովել ազգային անվտանգությունը:
2. Զարգացման ո՞ր մոդելն է առավել արդյունավետ տնտեսության ստեղծված վիճակում՝ եվրասիակա՞ն, թե՞ եվրոպական:
3. Ինչպե՞ս պիտի լուծվի Արցախի հարցը:
Սկսեմ վերջին հարցից՝ առաջին երկուսը թողնելով այլ հրապարակումների: Որպես անհատ, որպես ՀՀ քաղաքացի, Սպարապետ, բանակի հիմնադիր, պաշտպանության նախարար ու վարչապետ Վազգեն Սարգսյանի եղբայր ու ՀՀ իններորդ վարչապետ, «Հանրապետություն» կուսակցության նախագահ՝ ես միանշանակ առաջնահերթ եմ համարում Արցախի հարցի լուծումը՝ իբրև ոչ միայն Հայաստանի Հանրապետության ու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության, այլև ամբողջ Հարավկովկասյան տարածաշրջանի անվտանգության ու տնտեսական զարգացման նախապայմաններից մեկը: Սա միայն մեր հարցը չէ, կոնֆլիկտի գոյության տարիներին հարցը դարձել է համաշխարհային քաղաքական օրակարգի, միջազգային կառույցների պարբերական քննարկումների թեմա: Հարկ չեմ համարում անդրադառնալ կոնֆլիկտի ամբողջ պատմությանը և բանակցությունների տարբեր փուլերին, միևնույն է, բուն իրականությունը գիտեն միայն մասնակիցները, իսկ հրապարակավ արված հայտարարությունները բոլորիս հայտնի են: Գործնականում այսօր հրապարակի վրա երեք տարբեր տեսակետներ են, որոնք արտահայտվում են «Ոչ մի թիզ հող», «Զիջել մասը՝ պահելու համար ամբողջը» կարգախոսներով, և հանրահայտ մադրիդյան սկզբունքների տարատեսակները:


Իմ տեսակետը միանշանակ է` խաղաղություն: Խաղաղություն այստեղ և հիմա: Իմ քաղաքական գործունեության ընթացքում ես հստակ ու աներկբա կողմ եմ եղել փոխզիջման միջոցով խաղաղության հասնելուն, այս սկզբունքն եմ պաշտպանել և իբրև վարչապետ, և Ստեփան Դեմիրճյանի հետ «Արդարություն» դաշինքում, և՛ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ ՀԱԿ դաշինքում: Դա, բացի իմ համոզմունքը լինելուց, ժողովրդի ճնշող մեծամասնության ցանկությունն է, որ ձևավորվել է՝ գիտակցելով իրավիճակը, ուժերի դասավորությունը տարածաշրջանում ու աշխարհում:


Դա է նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների տեսակետը: Բայց կա օբյեկտիվ իրականություն՝ եթե հրադադարի եռակողմ պայմանագիրը ստորագրած երկու հայկական կողմերը այս տարիներին ժողովրդին նախապատրաստում էին խաղաղության, պայմանագրի երրորդ կողմ Ադրբեջանը վարում էր ու վարում է ճիշտ հակառակ քաղաքականությունը՝ հայատյացության քարոզը, ազգային հավերժական թշնամանքի թեզը պետական գաղափարախոսության բաղկացուցիչ դարձնելով, հրադադարի մշտական խախտումներով, գերժամանակակից, հարձակողական սպառազինության ձեռքբերմանը ծառայեցնելով պետական բյուջեն ու նավթադոլարները: Վերջին ապացույցը ապրիլյան քառօրյա պատերազմն էր՝ պատերազմի միջազգային օրենքների անմարդկային խախտումներով: Բաքուն շարունակում է պատերազմի՝ իբրև հարցի լուծման միակ տարբերակի, քարոզչությունը, առավել ևս, որ խաղաղության կողմնակիցներին կամ վռնդել են երկրից, կամ նետել բանտերը: Ստեղծված իրավիճակում միանգամայն ճիշտ էր ԱՄՆ նախկին պետքարտուղար Ջոն Քերին, որ արձանագրում էր՝ կողմերը պատրաստ չեն հարցի լուծմանը: Ապրիլյան քառօրյան նաև ապացուցեց, որ Ադրբեջանը պատրաստ չէ փոխզիջման, թեպետ անընդհատ խոսում է սուբստանտիվ բանակցությունների անհրաժեշտությունից, ուզում է ստանալ ամեն ինչ ու հիմա՝ չտալով ոչինչ ու երբեք: Տրամաբանորեն՝ եթե հայկական կողմը, ինչպես վկայեց Սերժ Սարգսյանի հարցազրույցը «Բլումբերգին», արդեն հինգ տարի առաջ համաձայնել է տարածքների հանձնմանը, ի՞նչ է ուզում այլևս Ադրբեջանը: Հարցի մեխը Արցախի կարգավիճակն է. նույնիսկ տարածքների հանձնման պարագայում Բաքուն չի համաձայնում, իր բնորոշմամբ. «հայկական երկրորդ պետության» գոյությունը հանդուրժել՝ առաջարկելով լայն ինքնավարություն Ադրբեջանի կազմում:


Կոնֆլիկտի կարգավորման միջազգայնորեն ընդունված երեք սկզբունքներից՝ ռազմական ուժի չկիրառում, տարածքային ամբողջականության պահպանում, ազգերի ինքնորոշման իրավունքի հարգում, Ադրբեջանը հասկացել ու պաշտպանում է միայն տարածքային ամբողջականությունը՝ դեմ գնալով ԵԱՀԿ Մինսկի խմբին ու համանախագահներին:
Կրկնում եմ՝ խաղաղությունը Հարավային Կովկասում անհրաժեշտ է բոլոր պետություններին՝ Հայաստանին, Վրաստանին, Իրանին, Թուրքիային, Ռուսաստանին, ԵՄ-ին և ԱՄՆ-ին: Տարածաշրջանում միայն Ադրբեջանն է վարում պատերազմի շարունակման ու հրահրման քաղաքականություն: Հայկական դիվանագիտության հիմնական խնդիրը բոլոր շահագրգիռ կողմերին իրավիճակի ադեկվատ գնահատականի բերելն է: Միջազգային դիվանագիտությունը հարուստ զինանոց ունի, պարիտետային հայտարարություններից բացի կան հասցեական ու թիրախային հայտարարություններ, պատժամիջոցներ և տասնյակ միջոցներ՝ Ադրբեջանին քաղաքականապես, ֆինանսապես ու տնտեսապես հասկացնելու իր վարած քաղաքականության անընդունելիությունը: Ակնհայտ է, որ բնակչության անվտանգության ապահովման անհրաժեշտությունից ելնելով` Արցախը երբեք չի կարող լինել Ադրբեջանի կազմում՝ ոչ մի պայմանով: Ակնհայտ է նաև, որ փոխզիջման և կայուն խաղաղության հասնելու համար անհրաժեշտ է ժամանակ՝ առանց ազգային թշնամանքի ու ռազմատենչության քարոզի, անհրաժեշտ է պատերազմի սերնդի քաղաքական ասպարեզից հեռացումն ու սերնդափոխությունը:


Կայուն ու տևական խաղաղության համար կոնֆլիկտի կողմերից ոչ մեկը չպետք է ունենա պարտվողի զգացողություն: Անհրաժեշտ են տնտեսական զարգացման ու տարածաշրջանի միջազգային ծրագրերում ընդգրկման հնարավորություններ:
Անցած տասնամյակներում ԼՂՀ հակամարտության հաղթահարման քաղաքական, դիվանագիտական ջանքերին քառօրյա պատերազմով ռազմական մերժում տալով ու այդ պատերազմում իր նախանշած նպատակին՝ Ստեփանակերտի գրավումն ու բանակցային գործընթացում ուլտիմատիվ պարտություն պարտադրելուն, չհասնելով՝ Բաքուն գիտակցում է, որ հրադադարի ամենօրյա խախտումներին աշխարհն ընտելացել է, ու դա հարցը միջազգային օրակարգում պահելու միջոց չէ: Բաքուն հրապարակավ չի ընդունում, բայց հասկանում է, որ դիվերսիաները Արցախի ու Հայաստանի դեմ անպատիժ չեն մնում, ու դա էլ ցանկալի իրավիճակ իր համար չի ստեղծում: Պատերազմի վերսկսումը չափազանց ռիսկային է՝ ելնելով Ադրբեջանի տնտեսական վիճակից (նավթի գնանկում, մանաթի արժեզրկում, բնակչության զանգվածային աղքատացում, սոցիալական բողոքը միայն բռնություններով կանխելը), Իլհամ Ալիևի ռեժիմը կարող է տապալվել: Հիշեք Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Մորնինգսթարի նարնջագույն հեղափոխության հնարավորության աղմկահարույց կանխատեսումը:
Անցած տասնամյակները նաև բավարար ժամանակ էին՝ համոզվելու, որ բանակցվող սկզբունքները, իրենց տարատեսակներով, ի զորու չեն կողմերի համար ընդունելի լուծումներ ապահովելու: Բացահայտորեն պետք է ժամանակ, բայց՝ ժամանակ առանց կրակոցների, խաղաղության ժամանակ, երբ կոնֆլիկտի կողմերը իրավիճակի ռեալ իմաստավորումից հնարավորություն կունենան ռեալ հանգուցալուծման գնալու, ուստի առաջարկում եմ համաժողովրդական քննարկման թեմա դարձնել հարցը՝ որքանո՞վ է նպատակահարմար 5 տարով Արցախի Ինքնավարության ստեղծումը ԵԱՀԿ հովանու ներքո (Մինսկի խմբի համանախագահների պատրոնաժ):


Այդ ընթացքում
1. Վրաստանի, Իրանի, Ռուսաստանի և ԵՄ երկրների խաղաղապահ ուժերի տեղակայում շփման գծում: Ադրբեջանը պետք է հստակ գիտակցի՝ մերժելով խաղաղության առաջարկն ու սանձազերծելով հաջորդ արկածախնդրությունը` կկորցնի նոր տարածքներ և այլևս խոսք չի լինի որևէ փոխզիջման մասին:
2. Հասանելի բոլոր միջոցներով, ընդհուպ միջազգային պատժամիջոցներ կիրառելով, կողմերին արգելել ազգատյացության և ռազմատենչության քարոզչությունը, միջազգային մշտադիտարկման տակ պահել կողմերի լրատվամիջոցները, դպրոցական և համալսարանական դասագրքերը և ուսումնական ծրագրերը:
3. Բացել սահմաններն ու բարիդրացիական հարաբերություններ հաստատել Հայաստանի և Թուրքիայի, հետագայում նաև Հայաստանի, Արցախի ու Ադրբեջանի միջև:
4. Իսկ այդ ընթացքում լուրջ անելիքներ ունեն ժողովրդական դիվանագիտությունն ու քաղաքացիական հասարակությունը՝ երկու հարևան ժողովուրդների միջև հարաբերությունները վերականգնելու համար՝ օգտագործելով իրենց հասանելի բոլոր միջոցները:
5. Վստահ եմ, որ բազում ձևաչափեր կան: Օրինակ՝ Հայաստանի, Արցախի ու Ադրբեջանի՝ հակամարտության թեմայով զբաղվող լրագրողների հանդիպում-քննարկումներ չեզոք գոտում, եթե միջազգային կառույցները երաշխիքներ տան, որ ադրբեջանցի լրագրողները տուն վերադառնալով՝ բռնությունների չեն ենթարկվի:
6. Հայերի և ադրբեջանցիների հանդիպումներ՝ «Նախկին համադասարանցիներ», «Նախկին հարևաններ», «Նախկին համակուրսեցիներ», «Որդեկորույս մայրեր», «Զավակներ կորցրած ընտանիքներ», խառն ամուսնություններից ծնված զավակների և այլ ձևաչափերով: Ադրբեջանցիները պիտի հասկանան, որ հայերը խաղաղություն են ուզում՝ տևական ու արդարացի հիմքերով, խաղաղություն բոլորիս համար, բայց պատերազմ ադրբեջանցիներին էլ, հայերին էլ պարտադրում է Ադրբեջանի իշխանությունը: Ժողովուրդներին պատերազմ պետք չէ, ժողովուրդներին խաղաղություն է պետք ու նորմալ ապրելու հնարավորություն՝ սահմանի երկու կողմերում էլ, իսկ դրա համար աշխատանք է պետք բոլոր մակարդակներով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբին ու համանախագահներին, բանակցություններին թողնելը այլևս արդյունավետ չէ՝ շփման գծում կրակոցները, զոհերը դա հաստատում են պարբերաբար՝ երկու կողմերից էլ խլելով իրենց զավակների կյանքը:
7. Իբրև սկիզբ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները պիտի սկսեն դիպուկահարներին շփման գծից հետ քաշելու գործընթացը: Դա երկար ժամանակ քննարկվող հարց է, բայց գոնե մի հարցում ԵԱՀԿ-ն պիտի կարողանա Բաքվին պարտադրել իր որոշումը, այլապես դիվանագիտությունը դառնում է կասկածելի արդյունավետ, երբ չի համադրում իրեն հասանելի այլ զենքեր: Օրինակ՝ պատժամիջոցները:
Ես, իհարկե, կողմ եմ ոչ թե 5, այլ 50 տարով Արցախի Ինքնավարության ստեղծմանը ԵԱՀԿ հովանու ներքո, որ 2067-ին՝ 50 տարի հետո, խաղաղության մեջ ու այլ արժեհամակարգով մեծացած սերունդը հարցը լուծի: Եվ ունեմ այդպես մտածելու հիմքեր. ամենևին չեմ ուզում բարդագույն հարցի լուծումը իմ ժառանգներին թողնել, ամենևին չեմ ուզում խուսափել իմ ու իմ սերնդի պատասխանատվությունից, ես ուզում եմ իրական տարբերակ գտնել՝ կանխելու սահմանային միջադեպերն ու Եռաբլուրում նոր շիրիմները: Ես կյանքի ու արժանավայել ապրուստի հնարավորություն եմ ուզում մեզ համար, մեր որդիների ու թոռների: Ոչ պատերազմ, ոչ խաղաղություն կարգավիճակը, ստատուս քվոյի շարունակումը հաստատված պայմաններում չեն ապահովում ոչ խաղաղությունը, ոչ տնտեսական զարգացումը: Պատրաստ եմ հարցը քննարկելու բոլորի հետ, ովքեր ասելիք ունեն՝ Արցախում, Հայաստանում ու Հայաստանից դուրս՝ Մինսկի խմբի համանախագահների, ՀՀ-ում Վրաստանի, Իրանի, Ռուսաստանի, Եվրամիության ու ԵՄ երկրների և ԱՄՆ-ի դեսպանների հետ: Տարածաշրջանին պետք է խաղաղության հնարավորություն, արժանապատիվ խաղաղության, որի պատասխանատուն միայն Արցախը, Հայաստանը ու նույնիսկ Ադրբեջանը չեն:

Գերտերությունների շահերի բախումից պետք է դուրս բերել ԼՂՀ կոնֆլիկտը որոշակի ժամանակի մեջ՝ վերքերն ամոքելու և նոր հեռանկարներ տեսնելու շանս տալ: Բանակցությունների դիվանագիտական զիգզագներում, կրակոցների տակ, ներքին ու ներիշխանական խնդիրների լուծման սպասարկմանը ծառայող կոնֆլիկտը վերջ չի ունենա, իսկ ամեն օրվա դիմաց թե Հայաստանում, թե Արցախում, թե Ադրբեջանում հատուցում են զինվորները: Մենք պարտավոր ենք նրանց ապրելու իրավունքն ապահովել և պետությանը զարգացման հեռանկարներ տալ՝ բաց հաղորդակցուղիներով ու քաղաքակիրթ աշխարհի արժեհամակարգով: Այսպես է, բայց նաև հասկանում եմ, որ 50 տարով Արցախի կարգավիճակի ամրագրմանը Բաքուն ոչ այսօր, ոչ վաղը պատրաստ չի լինելու, ուստի պետք է սկսել փոքր քայլերից, փոքր հաջողություններից, փոքր հաղթանակներից՝ մեծ հաջողության ու մեծ խաղաղության հասնելու համար, որ հաղթանակ է բերելու ամբողջ տարածաշրջանին՝ իրական ու կայուն զարգացման հնարավորություններ տալով:

Դիտվել է՝ 6053

Մեկնաբանություններ